Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Տեղի ունեցավ Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակի շնորհանդեսը

Տեղի ունեցավ Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակի շնորհանդեսը
01.04.2016 | 12:11

Մարտի 31-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակի շնորհանդեսը: Լարային քառյակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլներից է։ Քառյակի կազմում են Էրիկ Մանուկյանը (առաջին ջութակ), Անի Ադիկյանը (երկրորդ ջութակ), Ելենա Հայրապետյանը (ալտ), Էլյա Բալասանյանը (թավջութակ)։
Թանգարան-ինստիտուտի համերգասրահում շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին Ղազարոս Սարյանի Լարային կվարտետ թիվ 2 և Էդվարդ Միրզոյանի Լարային կվարտետ` թեմա և վարիացիաներ ստեղծագործությունները: Հանդիսատեսը կոլեկտիվին բաց չթողեց առանց «բիս»-ի:
Քառյակի առաջին ջութակ Էրիկ Մանուկյանը շեշտում է, որ կոլեկտիվը մեկուկես տարի գործունեություն է ծավալում, հասցրել է «Դասական արվեստի տարածում» ծրագրի շրջանակում փետրվարի 20-ին համերգ ունենալ Ստեփանակերտում: Քառյակը վերջերս է անվանակոչվել հայ կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ղազարոս Սարյանի անվամբ:
«Մեր առաջին համերգին Սարյանի ստեղծագործությունն ենք նվագել: Մեր երկրում գնալով զարգանում է դասական երաժշտությունը, նույնիսկ երիտասարդ կոմպոզիտորներ կան, որ երաժշտություն են գրել մեզ համար, ցանկացել են, որ կատարենք»,-նշում է Էրիկ Մանուկյանը:
Համերգային երեկոյին ներկա էին նաև Ղազարոս Սարյանի ընտանիքի անդամները: Կոմպոզիտորի դուստրը` Սոֆիկ Սարյանը փաստում է` քառյակի ստեղծումը նշանակալի երևույթ է:
«Ղազարոս Սարյանի անունը կապված է ոչ միայն հայ կոմպոզիտորական արվեստի, այլև մեր կատարողական դպրոցի պրոֆեսիոնալ մակարդակի զարգացման հետ: Լինելով կոնսերվատորիայի ռեկտոր` նա շատ աչալուրջ և շահագրգիռ հետևում էր ամեն մի երաժշտի մասնագիտական կրթությանը: Նա գործիքավորման մեծ վարպետ էր»,-նշում նա:
Սոֆիկ Սարյանը գոհունակությամբ շեշտում է, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մեծ ծրագրեր է իրականացնում, մասնավորապես` անցկացնում է համերգներ, փառատոններ ոչ միայն Հայաստանում, այլև արտասահամնում:
«2010 թվականին մեծ հանդիսավորությամբ կազմակերպվեց Սարյան ֆեստ փառատոնը, որը նվիրված էր Ղազարոս Սարյանի 90-ամյակին: Այսօր ականատես ենք նրա անվան քառյակի ստեղծմանը: Շատ կարևոր է, որ Սարյանի ավանդները ապրում և նոր ծիլեր են տալիս: Մաղթենք այս երիտասարդներին մեծ հաջողություններ և բեղուն ստեղծագործական ճանապարհ»,-հավելում է կոմպոզիտորի դուստրը:
Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակի առաջիկա ծրագրերում են համերգները Հայաստանի տարբեր մարզերում:

Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ